5 մարտի 2025 - 14:48 AMT
ԱԺ–ն 1–ին ընթերցմամբ ընդունել է խաղային ոլորտը 10%-ով հարկելու փոփոխությունը

Ազգային ժողովը 64 կողմ, 2 դեմ և 19 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» աղմկահարույց օրինագիծը։

Նախագծով նախատեսվում է, որ խաղային ոլորտի գործունեությունը հարկվի 10% շահութահարկով, հայտնում է Sputnik Արմենիան։

Քննարկումների ընթացքում Սարգսյանը ընդգծել էր, որ եթե 2010 թվականին ոլորտի շրջանառությունը կազմել էր 35 միլիոն դոլար, իսկ հարկերի բաժինը՝ 2․6 միլիոն դոլար կամ 7․2 տոկոս, ապա 2023 թվականին այդ ցուցանիշը կտրուկ աճել է՝ հասնելով 15․8 միլիարդ դոլարի, սակայն գանձվող հարկերը կազմել են ընդամենը 67 միլիոն դոլար, ինչը համարժեք է շրջանառության 0․4 տոկոսին։

Մարտի 4–ին Հայկ Սարգսյանն ԱԺ–ում, անդրադառնալով բուքմեյքերական գործունեության նկատմամբ 10 տոկոս շրջանառության հարկ սահմանելու վերաբերյալ իր հեղինակած օրենսդրական նախաձեռնությանը, ասել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կողմ է արտահայտվել շահումով խաղերի և բուքմեյքերական ընկերությունների հարկային բեռի բարձրացմանը։

Ակնկալվում է, որ օրենքի նախագծի ընդունումից հետո պետական մուտքերը կավելանան տարեկան մոտ 13 մլրդ դրամով:

Նախագիծն օրենքի ուժ ստանալու համար դեռ պետք է անցնի նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հաստատվի ԱԺ-ի կողմից։

Փետրվարի 5-ին ՀՀ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախագիծը քննարկվել էր բավականին լարված մթնոլորտում։ Հայկ Սարգսյանը նույնիսկ վիճաբանել էր իր թիմակիցների հետ՝ պնդելով, որ օրինագծի ընդունումը չպետք է հետաձգվի, քանի որ հարկերի ցածր հավաքագրումը վնաս է հասցնում պետությանը։