6 մարտի 2025 - 12:31 AMT
Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին կմասնակցի 9 քաղաքական ուժ՝ 372 անդամ

Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ, որոնցից 3-ը դաշինք է, իսկ 6-ը՝ կուսակցություն՝ ընդհանուր առմամաբ 372 անդամ։

Մարտի 5–ին ժամը 18։00-ին ավարտվել է փաստաթղթերի ներկայացման ժամկետը, գրում է »Առավոտը»։

Դաշինքներից են՝ «Մայր Հայաստան», «Մեր քաղաքը» և «Եվրադաշինքը»։

Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ամենաառաջինը՝ մարտի 1-ին, փաստաթղթերը ներկայացրել է «Կոմունիստական կուսակցությունը», որի քաղաքապետի թեկնածուն Գյումրու նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանն է։ Նրանք առաջադրել են 33 թեկնածու։

Մարտի 4-ին առաջադրվել է «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է։ Նրանց ցուցակում ընդգրկված է 40 թեկնածու։

Այդ օրը նաև առաջադրվել է «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը»՝ 32 թեկնածուով, որի քաղաքապետի թեկնածուն նախկին երգիչ Արտյոմ Թումանյանն է։

Այսօր առաջադրվել են ևս վեց քաղաքական ուժեր։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացրել է 30 հոգանոց ցուցակ, որը գլխավորում է ավագանու նախկին անդամ Կարեն Մալխասյանը։ «Մեր քաղաքը» դաշինքն առաջադրել է 34 թեկնածու, նրանց առաջնորդում է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ցուցակում ընդգրկված է 23 թեկնածու, որի առաջնորդն է գործարար Արտյոմ Ղարաղազարյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրել է ամենամեծ ցուցակը՝ 99 թեկնածու, գլխավորում է Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը։

«Մայր Հայաստան» դաշինքն ունի 56 թեկնածու, նրանց առաջնորդում է գործարար Կարեն Սիմոնյանը։ Վերջինն իր փաստաթղթերը ներկայացրել է «Եվրադաշինքը», որի ցուցակում ընդգրկված է 25 թեկնածու, և այն գլխավորում է լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Այսպիսով, թեկնածուների ամենամեծ ցուցակը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 99 թեկնածուով, իսկ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ներկայացրել է ամենափոքր ցուցակը՝ 23 թեկնածուով։

Ընտրությունները նշանակվել են մարտի 30–ին։