ՀՀ կառավարությունը նախատեսում է Եվրոպական միությունում Հայաստանի ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդի հաստիք սահմանել։ Հարցը ներառված է կառավարության նիստի օրակարգում ներառված որոշման նախագծում, հայտնում է Radar.am-ը։
Որոշման հիմնավորման համաձայն՝ վերջին շրջանում Բելգիայի և ԵՄ-ի հետ պաշտպանական, անվտանգային ու ռազմական ոլորտներում համագործակցությունը զգալիորեն զարգացել է։
Այս համատեքստում նախատեսվում է, որ ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելությանը կից գործող պաշտպանության հարցերով կցորդը համատեղության կարգով կծառայի նաև Եվրոպական միությունում և Բելգիայի Թագավորությունում՝ որպես ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկ է ներկայացրել խորհրդին՝ Հայաստանի համար «Եվրոպական խաղաղության հիմնադրամից» օգնության երկրորդ փաթեթի տրամադրման վերաբերյալ։
2024 թվականին ԵՄ-ն արդեն ֆինանսական աջակցություն է տրամադրել Հայաստանին այս հիմնադրամի շրջանակներում։ Հուլիսի 22-ին Եվրամիության խորհուրդը 10 մլն եվրո է հատկացրել Երևանին «Եվրոպական խաղաղության հիմնադրամի» միջոցով` պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով։