Հայաստանը ITB Berlin միջազգային ցուցահանդեսում ճանաչվել է արկածային զբոսաշրջության լավագույն ուղղություններից մեկը՝ ստանալով հեղինակավոր PATWA մրցանակը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
Հայաստանը ճանաչվել է լավագույն արկածային զբոսաշրջության, իսկ Իտալիան՝ լավագույն պատմամշակութային զբոսաշրջային ուղղություն՝ դառնալով ITB Berlin միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի PATWA մրցանակի հաղթող։
Հայաստանի միասնական տաղավարում ներկայացված էր Հայաստանի զբոսաշրջային ոլորտը ներկայացնող մոտ 15 ընկերություն: Հայաստանը հանդես է եկել նոր` մշակութային, գաստրո և էնոտուրիզմիը ներկայացնող տաղավարով։
ITB Berlin-ը 1966 թվականից անցկացվող աշխարհի առաջատար զբոսաշրջային ցուցահանդեսն է, որին մասնակցում է մոտ 10,000 ներկայացուցիչ ավելի քան 180 երկրից և տարածաշրջանից:
Ցուցահանդեսում ներկայացված ընկերությունները ներառում են հյուրանոցներ, զբոսաշրջային գրասենյակներ, զբոսաշրջային օպերատորներ, ավիաուղիներ և ավտոմեքենաների վարձակալության ընկերություններ, որոնք ներկայացնում են աշխարհի լավագույն հանգստավայրերն ու զբոսաշրջային փաթեթները: