Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, խոսելով Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցի մասին, հայտարարել է, որ այդ անձինք անօրինականորեն են զրկված ազատությունից, և նրանց իրավունքների պաշտպանությունը պետք է լինի առաջնային։ Այս մասին նա ասել է Կառավարությունում լրագրողների հետ զրույցում։
«Իհարկե, մտահոգությունները շատ են՝ սկսած խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հնարավոր իրավիճակներից և այլն»,– ասել է Մանասյանը, հայտնում է 1lurer.am-ը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից իրականացվող դատավարությունները հայերի նկատմամբ չեն կարող դիտարկվել որպես անկախ և անկողմնակալ։
«Այս առումով նաև ողջունում եմ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի հայտարարությունը հարցի հետ կապված՝ մասնավորապես Ադրբեջանում կամայականորեն ազատությունից զրկված բոլոր անձանց, այդ թվում՝ էթնիկ հայերի ազատ արձակման մասով»,– ընդգծել է նա։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նիստի ընթացքում կոչ էր արել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։