Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն հանդիպում է ունեցել MEDEF՝ Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում կազմակերպության ներկայացուցիչների հետ և ներկայացրել Հայաստանի տնտեսական քաղաքականության առանցքային ուղղություններն ու դրանց շրջանակում արձանագրված արդյունքները։ Փոխվարչապետը նաև անդրադարձել է տնտեսության տարբեր ոլորտներում արձանագրված զարգացումներին՝ ընդգծելով կառավարության ջանքերը՝ ուղղված ներդրումային միջավայրի հետևողական բարելավմանը։
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը նաև պատասխանել է կազմակերպության անդամների կողմից բարձրացված հարցերին և քննարկել համագործակցության կոնկրետ ուղղությունները։ Կողմերը պայմանավորվել են առաջիկայում կազմակերպել ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակության այց Հայաստան՝ քննարկումները շարունակելու և գործնական քայլեր նախաձեռնելու նպատակով։
Տիգրան Խաչատրյանը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական համագործակցության շարունակական խորացումը՝ շեշտելով, որ ֆրանսիական ընկերությունները կարող են ակտիվորեն ներգրավվել ինչպես մասնավոր հատվածի, այնպես էլ պետական խոշոր ծրագրերում։ Նա վստահեցրել է, որ գործադրվում են համակողմանի ջանքեր՝ երկու երկրների գործարար համայնքների միջև կապերը զարգացնելու և ֆրանսիական ընկերություններին հայաստանյան ներդրումային միջավայրին առավել ծանոթ դարձնելու ուղղությամբ։
Ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գործունեության հիմնական ուղղությունները և հայտնել պատրաստակամություն՝ իրենց փորձն ու մասնագիտական հմտությունները ներդնել Հայաստանում՝ տարբեր ներդրումային նախագծերի շրջանակում։