25 մայիսի 2009 - 23:18 AMT
Համահայկական բանկը կֆինանսավորի ազգային նշանակության նախագծեր
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում անդրադարձ է եղել նաեւ Համահայկական բանկին: Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, ՀԱՄՀ հերթական նիստը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Համահայկական բանկն ապահովելու է համահայկական նշանակության նախագծերի ֆինանսավորում, մասնավորապես այնպիսի նախագծերի, որոնք պարունակում են նորարարության տարրեր եւ իրականացվում են համահայկական ցանցի անդամների կողմից` աշխարհի ցանկացած կետում:
Այլ խնդիրների շարքում խորհրդի անդամներն անդրադարձել են նա- համաշխարհային տնտեսական իրավիճակի վերջին զարգացումներին եւ Հայաստանի կառավարության ձեռնարկած միջոցառումներին` ուղղված այդ պայմաններում Հայաստանի մրցունակության կայուն զարգացման ապահովմանը։

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հիմնական նպատակն է նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը եւ մրցունակության բարձրացմանը` ստեղծելով ուժեղ եւ մրցունակ Հայկական աշխարհ, որպեսզի Հայաստանը դառնա տարածաշրջանային եւ համաշխարհային կենտրոն մի շարք ոլորտներում, որտեղ երկիրն ունի ներուժ, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը եւ զբոսաշրջությունը։ Հիմնադրամի առաքելությունն է ռազմավարական բնույթի ներդրումային ծրագրերի մշակումը եւ իրականացումը, այդ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ կարողությունների ու ենթակառուցվածքների ստեղծումը, ինչպես նաեւ ՀՀ նախարարությունների հետ համատեղ, բարենպաստ միջավայրի ձեւավորմանն ուղղված քաղաքականության եւ բարեփոխումների ծրագրերի մշակումն ու իրականացումը։

Նիստին պետական հատվածից մասնակցել են խորհրդի անդամներ, ՀՀ նախագահի տնտեսական գծով գլխավոր խորհրդական, խորհրդի փոխնախագահ Վահրամ Ներսիսյանցը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, մասնավոր հատվածից` խորհրդի անդամներ, «Տրոյկա-Դիալոգ» ընկերության գործադիր տնօրեն Ռուբեն Վարդանյանը, McKINSEY & Co. Մյունխենի գրասենյակի տնօրեն Անդրե Անդոնյանը, ,Wolters Kluwer PCiե ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Ֆեստեկջյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը, ՀԱՄՀ գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը։