7 մարտի 2025 - 14:07 AMT
ՌԴ ԱԳՆ․ Եթե ՀՀ–ն մինչև 2025–ի վերջը չփոխանցի անդամավճարը ՀԱՊԿ–ին, կարող են քննարկվել հետագա քայլերը

Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանի հետ կապված իրավիճակը և անդամակցության սառեցումը ՀԱՊԿ–ում դրական հանգուցալուծում կունենա։ Այդ մասին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ հավելելով, որ երկխոսությունը շարունակվում է, ներառյալ երկկողմ օրակարգի քննարկումները, հայտնում է ՌԻԱ Նովոստին;

Պանկինը նաև ասել է, որ եթե Հայաստանը մինչև 2025–ի վերջը չվճարի իր անդամավճարը ՀԱՊԿ բյուջե, կազմակերպության անդամ երկրները կարող են քննարկել հետագա քայլերը, սակայն, ամենայն հավանականությամբ, Հայաստանի հեռացումըը չի դիտարկվի, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հնարավոր է, որ 2026 թվականի հունվարի 1-ին ստեղծվի իրավիճակ, երբ երկու տարի վճարում չի արվել, և երկրները կարող են քննարկել տարբեր սցենարներ», – նշել է Պանկինը։

Պանկինը նաև ասել է, որ Հայաստանը չի ներկայացրել պաշտոնական ծանուցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու մասին և չի նախատեսում լքել այն, այլ պարզապես կասեցրել է իր գործունեությունը։

«Երևանը չի ծանուցել մեզ դուրս գալու մասին, նրանք չեն պատրաստվում լքել ՀԱՊԿ-ը, նրանք պարզապես կասեցրել են իրենց ակտիվությունը, բայց շարունակում են մնալ կազմակերպության անդամ», – նշել է Պանկինը։

2024 թվականի փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկիրը կասեցնում է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Նա նաև ընդգծել էր, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ վերադարձը գնալով ավելի բարդ է դառնում, եթե ոչ անհնար, քանի որ, իր խոսքով, «վերադարձի կետն» արդեն անցել է։

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ արևմտյան երկրները դրդել են Հայաստանի իշխանություններին կասեցնել իրենց մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ նշել էր, որ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ՀԱՊԿ-ը «Հայաստանին լքել է դժվարության պահին», չի համապատասխանում իրականությանը։