10 մարտի 2025 - 12:50 AMT
Փաշինյան․ Երկու կիսամաշ դեմքեր վիճում են՝ ո՞վ է ինձ բերել իշխանության

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով երկու նախկին նախագահների թիմերի միջև իր իշխանության գալու շուրջ ծավալված բանավեճին, նրանց անվանել է «ընտրակեղծարար-ուզուրպատորներ»: Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։

«Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ո՞վ է ինձ իշխանության բերել, միմյանցից պահանջելով ասել ճշմարտությունը:

Դուք ասեք ձե՞զ ով է ժամանակին իշխանության բերել՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնը երբեք չստացած այ ընտրակեղծարար-ուզուրպատորներ»,- ասվում է գրառման մեջ։

Մեկ այլ գրառմամբ Փաշինյանը նշել է, որ իրեն ոչ ոք իշխանության չի բերել։

«Ինձ իշխանության ոչ ոք չի բերել: 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել Ժողովրդին:

Ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ և Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի՝ երբ ցանկանա»,- ընդգծել է նա:

Ավելի վաղ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ի կողմից իշխանությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանձնելու թեզը, գուցե, մտածել և հորինել է Քոչարյանի գրասենյակի ղեկավարը և հանձնվել է նիկոլականներին՝ օգտագործման իրավունքով։

Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտարարել էր, որ ՀՀԿ շրջանակներում Քոչարյանի դեմ հակաքարոզչությունը սկսվել է դեռ 2008թ.՝ բացատրելով, որ Սերժ Սարգսյանի մերձավոր ազգականը նույնիսկ զրույցում խոստովանել է, որ երկար տարիներ հովանավորել է Նիկոլ Փաշինյանին, որը «Հայկական ժամանակ» թերթի միջոցով ապատեղեկատվություն է տարածել երկրորդ նախագահի և նրա ընտանիքի մասին։ Բացի այդ, նրա խոսքով՝ Հայաստանի բնակչության մեծ մասն արդեն ունի այն հարցի պատասխանը, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին, ով է նրան իշխանություն տվել։