ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին, անդրադառնալով Ադրբեջանի այն հայտարարությանը, թե հայկական կողմն արդեն 5 ամիս է չի արձագանքում Վերա Աղասյանի դին տեղափոխելու հարցին, ընդգծել է, որ կազմակերպությունը պատրաստ է աջակցել, եթե կողմերը համաձայնության հասնեն, հայտնում է Factor.am-ը։
«Մենք պատրաստ ենք աջակցել, եթե կողմերը՝ ՀՀ-ն և Ադրբեջանն այդ հարցի շուրջ գան որոշակի համաձայնության, որը նաև հարմար կլինի ընտանիքի համար»,- մեկնաբանել է ԿԽՄԿ-ի հայկական գրասենյակի ներկայացուցիչը։
Ամատունին հավելել է, որ Կարմիր խաչը կապի մեջ է Վերա Աղասյանի ընտանիքի հետ, և եթե նրանք ցանկություն հայտնեն կազմակերպության հետ որևէ հարց քննարկել, ԿԽՄԿ-ն պատրաստ է դրան։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆաթ Հասանովը հայտարարել է, թե հայկական կողմն արդեն հինգ ամիս է՝ չի արձագանքում Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի մարմինը տեղափոխելու հարցին։
Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կազմվել են՝ մարմինը փոխանցելու նպատակով, հայտնում է APA-ն։
Ըստ ադրբեջանական կողմի՝ 2025–ի փետրվարին այս հարցն առանց միջնորդների ուղղակիորեն ներկայացվել է հայաստանյան պատվիրակությանը սահմանային հանդիպման ժամանակ։
Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած 70-ամյա Վերա Աղասյանի մահվան մասին հայտնի դարձավ 2024–ի հոկտեմբերին։ Ադրբեջանի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախնական տվյալներով մահը վրա է հասել սուր սիրտանոթային անբավարարության և թոքային զարկերակի թրոմբոզի հետևանքով։
Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով պետական հանձնաժողովը հայտարարել էր, որ եթե մինչև 2025–ի հունվարի վերջ հայկական կողմը չվերցնի Վերա Աղասյանի դին, նրան կհուղարկավորեն Ադրբեջանի տարածքում։