10 մարտի 2025 - 17:18 AMT
Գալյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է ԵՄ հետ համագործակցությունը

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին` երկուստեք ընդգծվել է երկկողմ համագործակցության կարևորությունը, և կողմերը հայտնել են պատրաստակամություն այն առավել խորացնելու։ Քննարկվել են քրեական գործերով իրավական օգնության շրջանակում առկա գործակցության մանրամասները։

Նախարարը նշել է, որ Հայաստանի ապագան ուղղորդվում է եվրոպական արժեքներով ու ստանդարտներով, և բարեփոխումները ևս իրականացվում են այդ ուղղությամբ։ Նա հավելել է, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը նոր փուլ է մտել, որտեղ արդարադատության նախարարությունն ունի իր նշանակալի դերը։

Դեսպանի խնդրանքով Սրբուհի Գալյանը ներկայացրել է նախարարության առաջնահերթությունները՝ անդրադառնալով դատաիրավական բարեփոխումներին, դատարանների ծանրաբեռնվածության հարցին, ինչպես նաև գործերի մակագրման գործընթացին։

Քննարկվել են նաև սահմանադրական բարեփոխումները, և նախարարը նշել է, որ Սահմանադրության նոր տեքստը նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները։

Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել և խորացնել համագործակցությունը։