11 մարտի 2025 - 10:16 AMT
ՀՀ և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպման ավարտին մի շարք փաստաթղթեր են ստորագրվել

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ, որին հաջորդել է ընդլայնված կազմով քննարկումը պատվիրակությունների մասնակցությամբ։

Հանդիպման արդյունքում ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը․

  • ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Հնդկաստանի Հանրապետության Սուշմա Սվարաջ արտաքին ծառայության ինստիտուտի միջև փոխըմբռման հուշագիր,
  • «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Հնդկաստանի Հանրապետության առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարության դեղերի ստանդարտների վերահսկման կենտրոնական կազմակերպության միջև դեղերի կարգավորման բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռման հուշագիր։

Հանդիպման ժամանակ Արարատ Միրզոյանը նշել է, որ հայ–հնդկական հարաբերությունները, որոնք ավանդաբար ձևավորվել են դարավոր, կարելի է ասել, քաղաքակրթական կապերի հիման վրա, վերջին տարիներին զգալիորեն նոր մակարդակի են բարձրացել։

«Մենք ցանկանում ենք կառուցել ավելի ամուր տնտեսական, առևտրային, տեխնոլոգիական և մշակութային կապեր Հնդկաստանի հետ, որպեսզի մեր երկու ժողովուրդներն էլ օգտվեն այս հարաբերություններից առաջիկա տասնամյակներում և դարերում:

Այլ հարցերի թվում մենք կարևորում ենք նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերաբար անցկացվող քաղաքական խորհրդակցությունների դերը, ինչպես նաև Միջկառավարական հանձնաժողովի կանոնավոր նիստերը։

Հարգելի՛ գործընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ առանձնազրույցի ընթացքում ես և նախարար Ջայշանկարն արդեն հնարավորություն ենք ունեցել քննարկելու մեր երկկողմ օրակարգի մի շարք կարևորագույն հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։ Եվ ես ուրախ եմ շարունակել մեր քննարկումներն ընդլայնված ձևաչափով»,–ասել է Միրզոյանը։

Մարտի 10-ին Նյու Դելի պաշտոնական այցի մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում (ICWA): Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել ինչպես Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկային և հեռանկարներին, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային բնույթի հարցերի:

Միջոցառմանը ներկա են գտնվել Հնդկաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, փորձագիտական շրջանակների և մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ: