11 մարտի 2025 - 11:19 AMT
Միսաք Մանուշյանի պուրակում կտեղադրվի նրա կիսանդրին

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիական դիմադրության շարժման անվանի մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի պուրակում կտեղադրվի նրա կիսանդրին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Միսաք Մանուշյանի անունը հավերժացել է հայ և համաշխարհային պատմության մեջ՝ որպես ազատության, արդարության և մարդու իրավունքների համար պայքարի խորհրդանիշ։ Նրա հիշատակը հավերժացնելու նպատակով Երևանում՝ Միսաք Մանուշյանի անվան պուրակում, կտեղադրվի նրա կիսանդրին»,–նշել է նա։

Ավինյանը տեղեկացրել է, որ կիսանդրու ստեղծման համար անցկացված բաց մրցույթին մասնակցել է 10 քանդակագործ, որոնցից հաղթող է ճանաչվել Սարգիս Բաբայանի ներկայացրած աշխատանքը։ Քաղաքապետը նշել է, որ այն լավագույնս արտահայտում է Մանուշյանի կերպարի ուժն ու նրա գաղափարները։

«Այս նախաձեռնությամբ ևս մեկ անգամ ընդգծում ենք մեր հարգանքը Մանուշյանի հիշատակի և նրա թողած արժեքների հանդեպ»,- հավելել է Ավինյանը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ Միսաք Մանուշյանը վերահուղարկավորվել է Պանթեոնում։