12 մարտի 2025 - 12:27 AMT
Սուքիասյանի ձերբակալված թիկնապահներին ազատ են արձակել

Ոստիկանությունն ազատ է արձակել մարտի 11–ի երեկոյան Թումանյան փողոցից ձերբակալված չորս քաղաքացուն։ Այդ մասին ասել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, հայտնում է Factor.am-ը։

Բերման ենթարկվածները ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցներն էին։

Նրանք բերման էին ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով։ Արփինե Սարգսյանի ղեկավարած գերատեսչությունն օպերացիան իրականացրել էր դիմակավորված հատուկջոկատայինների մասնակցությամբ։

Մարտի 11–ի երեկոյան համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են հատուկջոկատայինները Երևանի կենտրոնում կանգնեցնում մեքենաներ, ստուգումներ իրականացնում և քաղաքացիներին դուրս բերում ավտոմեքենաներից։

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն, անդրադառնալով հարցին, ասել էր, որ 4 անձ ապօրինի զենք կրելու կասկածանքով բերվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։