Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի կալանավորումը, քանի որ հաշվի չեն առնվել մի շարք էական հանգամանքներ։
Ըստ Վճռաբեկ դատարանի՝ ստորադաս դատարաններն սխալ են գնահատել այն հավանականությունը, թե Անի Գևորգյանը կարող էր խոչընդոտել քրեական վարույթին։ Մասնավորապես, դատարանը նկատել է, որ որոշման ընդունման պահին նա արդեն ազատված էր «Սիներջի» ընկերությունում զբաղեցրած պաշտոնից, ինչը նվազեցնում էր գործին խոչընդոտելու հավանականությունը, հայտնում է Արմենպրեսը։
Բացի այդ, դատարանը նշել է, որ Անի Գևորգյանի խնամքին են գտնվում երկու մանկահասակ երեխաներ, սակայն ստորադաս դատարանները պատշաճ ուշադրություն չեն դարձրել այս հանգամանքին։
Վճռաբեկ դատարանը նաև ընդգծել է, որ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները խախտվել են, քանի որ դատարանները կալանքի կիրառումը չեն դիտարկել որպես ծայրահեղ միջոց և բավարար ուշադրություն չեն դարձրել այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորությանը։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանը հանգել է եզրակացության, որ Անի Գևորգյանի կալանքի վերաբերյալ ստորադաս դատարանների որոշումները իրավաչափ չեն եղել։
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին կալանավորելու որոշում էր կայացրել՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանն առնչվող քրեական գործի շրջանակում։