13 մարտի 2025 - 15:39 AMT
Եվրախորհրդարանը պահանջում է Բաքվից անհապաղ և անվերապահ ազատ արձակել հայ գերիներին

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով պահանջում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և այլ կալանավորված անձանց։ Որոշումն ընդունվել է 464 կողմ, 115 դեմ և 39 ձեռնպահ ձայներով, հայտնում է 1lurer.am-ը։

«Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալումը և նրանց դեմ շինծու դատավարությունները» վերնագրով բանաձևում՝

● դատապարտվում է Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ դրսևորվող անմարդկային վերաբերմունքը և պահանջվում նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակումը,

● խոր մտահոգություն է հայտնվում խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ՝ կոչ անելով անկախ հետաքննություն անցկացնել այդ խախտումների առնչությամբ,

● Ադրբեջանի իշխանություններին հորդորվում է կատարել միջազգային պարտավորությունները, ներառյալ Ժնևի կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները,

● ԵՄ-ից և միջազգային կազմակերպություններից պահանջվում է աջակցել մարդասիրական ու բժշկական առաքելությունների տեղակայմանը՝ պատանդառված անձանց պայմանների գնահատման նպատակով,

● ընդգծվում է հայ քաղբանտարկյալների ազատ արձակման, նրանց պաշտպանության ապահովման և դաժան վերաբերմունքի համար պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու դիվանագիտական ջանքերի անհետաձգելիությունը,

● կոչ է արվում Խորհրդին կիրառել նպատակային պատժամիջոցներ Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք մեղսակից են մարդու իրավունքների խախտումներին, այդ թվում՝ դատավորներ Զեյնալ Աղաևի, Ջամալ Ռամազանովի և Անար Ռզաևի նկատմամբ,

● խստորեն դատապարտվում է ՄԱԿ-ի կառույցների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակները փակելու վերաբերյալ Ադրբեջանի կառավարության որոշումը, ինչը խոչընդոտում է միջազգային մարդասիրական ջանքերին ու մոնիթորինգի մեխանիզմների աշխատանքին,

● կոչ է արվում միջազգային քրեական դատարանին և դրա գլխավոր դատախազին հետաքննել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ իրականացված բռնի տեղահանումների, հետապնդումների և էթնիկ զտումների դեպքերը,

● ողջունվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հայտարարությունը, որով պահանջվում է անվերապահորեն ազատ արձակել ու անվտանգ վերադարձնել Ադրբեջանում ապօրինի պահվող ռազմագերիներին, պատանդներին և այլ կալանավորված անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա: Ռուբեն Վարդանյանն արդեն 20 օրից ավելի է հացադուլի մեջ է։