Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած սպանության գործով իրավապահները ձերբակալել են ևս երկու անձի։ Այդ մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, որից 6-ի նկատմամբ կիրառվել է կալանք, 3-ի նկատմամբ՝ տնային կալանք, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք խափանման միջոցները»,- ընդգծել է Ավդալյանը։
Փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը կրակոցներ էին հնչել Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ, ինչի հետևանքով մեկ անձ մահացել էր, իսկ մյուսը՝ վիրավորվել։ Փետրվարի 21-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ զինված միջադեպի գործով կալանավորվել է հինգ անձ։
Լրատվամիջոցների տվյալներով՝ սպանվածը Ախտոյանի հորաքրոջ որդին էր, իսկ վիրավորը՝ նրա ընկերը։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 335-րդ հոդվածով (հրազենի ապօրինի շրջանառություն), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ)։ Ընդհանուր առմամբ, այս գործով քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։