15 մարտի 2025 - 10:49 AMT
ՆԳՆ․ Կեղծ վարորդականների առցանց վաճառքի խարդախ սխեմաներ են կիրառվում

ՀՀ ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է, որ սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են հայտարարություններ կեղծ վարորդական վկայականների վաճառքի վերաբերյալ։

ՆԳՆ-ի պարզաբանման մեջ նշվում է, որ հանցագործները վստահեցնում են, որ այդ կեղծ վարորդական վկայականներն իրենց ամբողջական տվյալներով կմուտքագրվեն համապատասխան պետական մարմինների տվյալների շտեմարան և կդառնան օրինական։

Նշվում է, որ այդ հայտարարությունների հիմնական նպատակը դրամական միջոցների հափշտակությունն է։

Նշվում է նաև, որ հանցագործները որևէ եղանակով չեն կարող կեղծ վարորդական վկայականները մուտքագրել պետական մարմինների տվյալների շտեմարան։

«Իսկ եթե փորձեք ձեռք բերել որևէ կեղծ վարորդական վկայական, անձնագիր կամ որևէ այլ փաստաթուղթ, ապա դուք ևս կդառնաք հանցագործության մասնակից անձ։

Եթե որևէ սոցիալական հարթակում տեսել եք նմանատիպ հայտարարություն, ապա այդ տեղեկատվությունը փոխանցեք ՆԳՆ ոստիկանություն կամ զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է աշխատանքային օրերին՝ ժամը 09։00-ից 18։00-ն)»,–ասվում է հաղորդագրության մեջ։