«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 5 դատապարտյալ անժամկետ հացադուլ է սկսել։ Նրանցից չորսը աջակցում են հացադուլավոր Հարություն Մուրադյանին, որը, ըստ իր պնդումների, դեռևս 2024-ի նոյեմբերի վերջին պետք է ազատ արձակված լիներ։
Քրեակատարողական ծառայությունից հաստատել են, որ հացադուլավորների պահանջն ուղղված է արդարադատության վերականգնմանը, հայտնում է Factor.am-ը։
«Երեկվանից հացադուլի մեջ գտնվող անձինք, հանուն օրինական դատավճռի, աջակցություն են հայտնում կալանավոր Հարություն Մուրադյանին»,– հայտնել է ՔԿԾ լրատվության և հասարակայնության բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Factor TV-ն ավելի վաղ անդրադարձել էր Մուրադյանի գործին։ Նա երկրորդ անգամ է դիմում այս ծայրահեղ քայլին։ Տարեսկզբին կալանավորն ինքնավնասման ու հացադուլի միջոցով փորձել էր ուշադրություն հրավիրել իր խնդրի վրա։
Մուրադյանի խոսքով՝ 2024-ի նոյեմբերին իր ազատ արձակումը ձգձգվել է դատավորի սխալի կամ անփութության հետևանքով, և այժմ նա ստիպված է ևս երկու տարի մնալ կալանքի տակ՝ մինչև 2026 թվականի դեկտեմբեր։
Նա 2019-ից անազատության մեջ է՝ հափշտակության հոդվածով, սակայն հետագայում մեղադրվել է նաև այլ հանցանքի մեջ։ Համակցված պատժաչափը հաշվելու գործընթացում ՔԿՀ-ին ուշացված է տրամադրվել նրա կալանքի ժամկետի վերաբերյալ հաստատականը, ինչի հետևանքով պատժաչափը հաշվարկվել է ոչ թե 2020-ից, այլ 2022-ից։
Datalex դատական տեղեկատվական համակարգի համաձայն՝ Մուրադյանի առաջին դատավճիռը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը 2019-ի հունիսին՝ սահմանելով 2 տարի 6 ամսվա ազատազրկում։ Վերադաս ատյաններն անփոփոխ են թողել որոշումը, և այն ուժի մեջ է մտել 2020-ի մայիսի 5-ին։ Սակայն դատարանի կատարողական փաստաթուղթը ՔԿՀ-ն ստացել է միայն 2022-ի մայիսին, ինչը ազդել է պատժաչափի հաշվարկի վրա։
2022-ի դեկտեմբերին Մուրադյանը երկրորդ գործով դատապարտվել է ևս երկու տարվա ազատազրկման, իսկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Շահբազյանը, հաշվի առնելով նախորդ պատժաչափը, սահմանել է 4 տարվա վերջնական ազատազրկում, սակայն ժամկետների հաշվարկում կրկին սխալ է թույլ տրվել։
Հունվարի վերջին դատավոր Վարդան Գրիգորյանը պնդել էր, որ ժամանակին ուղարկել է կատարողականը ՔԿՀ-ին, սակայն խոստացել է դատավոր Շահբազյանի հետ փորձել ուղղել վրիպակը։ Սակայն, ինչպես ցույց է տալիս ընթացքը, մեկուկես ամիս անց խնդիրը լուծված չէ, ինչի պատճառով Մուրադյանը դիմել է անժամկետ հացադուլի, իսկ նրան միացել են ևս չորս կալանավոր։