ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ միջազգային ատյաններից հայցերի հետ կանչման հարցը, թեև քննարկվել է Ադրբեջանի հերթական նախապայմանը կատարելու համատեքստում, սակայն դրա հետևում ոչ միայն քաղաքական բաղադրիչ կա, այլև մարդկային ճակատագրերի խնդիր։
«Պատահական չէր, որ կառավարության դիմաց էին հավաքվել անհետ կորած մեր հայրենակիցների բազմաթիվ ծնողներ, հարազատներ, որոնք այս հետքաշման/զիջելու որոշման հետևանքով անձնական ողբերգություն են ապրում։
Այս մարդիկ, որոնցից շատերի հետ շատ առիթներ եմ ունեցել զրուցելու, իրենց հույսը ոչ թե փաշինյանական խոստումների, այլ միջազգային կառույցների հետ են կապում, իսկ իշխանության հետքայլը համարում են վերջին հնարավորության մարում։
Միջազգային կառույցներում գտնվող այս հայցերը իրավական հարթության խնդիրներ են և քաղաքական պայմանավորվածություններով դրանց իրավական հետևանքները չեն վերացվում։
Բայց դե իշխանության անբարո դիմագիծը նոր չէ, որ պետք է բացահայտվի, իսկ նրանց քայլերն ամբողջությամբ ադրբեջանական տրամադրությունների ներքո են», – գրել է Աբրահամյանը։
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:
Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։