26 մայիսի 2009 - 17:53 AMT
Հայաստանի Պետական երիտասարդական նվագախումբը ելույթ ունեցավ Աբու-Դաբիի եւ Դուբայի լավագույն համերգասրահներում
Հայաստանի Պետական երիտասարդական նվագախումբը մեկ անգամ եւս բարձր պահեց մեր ազգի անունը` ելույթ ունենալով Միացյալ Արաբական Էմիրություններում:

Մայիսի 16-ին եւ 17-ին նվագախումբը աննախադեպ համերգներով հանդես եկավ Աբու Դաբիում եւ Դուբայում` «Abu Dhabi Cultural Centre» եւ «Ductac» հանրահայտ համերգասրահներում:

Նվագախումբը Միացյալ Արաբական Էմիրություններ էր մեկնել Աբու Դաբիի հայկական մշակութային ընկերակցության հրավերով:

«Նրանք անսահման տաղանդավոր են», «Դիրիժորը, չնայած իր երիտասարդ տարիքին, հրաշալի է ղեկավարում նվագախումբը», «Շնորհակալություն անմոռանալի պահերի համար» եւ այսպիսի բազում այլ արձագանքներ:

Համերգին ներկա էին մշակույթի գործիչներ, բարձրաստիճան հյուրեր, որոնց թվում էին Չեխիայի, Սերբիայի եւ Թայլանդի դեսպանները:

Առաջիկայում, շարունակելով արդեն իսկ մեկնարկած ակցիան, մայիսի 27-ին, ժամը 15:00 նվագախումբը ուսանողների համար ելույթ կունենա Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում: