17 մարտի 2025 - 12:01 AMT
Հանրային տրանսպորտում վաճառված տոմսերի թիվը հասել է 17.7 միլիոնի

Վերջին երկու շաբաթվա ընթացքում՝ մարտի 3-16-ը, տոմսային համակարգում գրանցվել է 4 մլն 640.181 վավերացում, որից 157,192-ը՝ տրոլեյբուսներում, 1 մլն 7615-ը՝ մետրոպոլիտենում, իսկ 3 մլն 475,374-ը՝ ավտոբուսներում։ Այս թվերը ներկայացվել են Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։

Ընդհանուր առմամբ, այս ընթացքում վաճառվել է 17 մլն 743,372 տոմս, ինչի արդյունքում ստացված հասույթը կազմել է 2 մլրդ 538 մլն 946,350 դրամ, հայտնում է Radar.am–ը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադառնալով զեկույցին՝ ընդգծել է. «Այս տվյալները մեզ հնարավորություն են տալիս վերլուծական որոշակի եզրակացություններ անել, մասնավորապես, կազմակերպել երթուղիների վերադասավորումներ, և ավելի թերբեռնված գծերից ավելի բեռնված գծեր շարժակազմի որոշակի տեղափոխություն անել»։

Փետրվարի 11–ին Երևանի ավագանին մերժել է ընդդիմության առաջարկը, որով նախատեսվում էր պահպանել մեկանգամյա 100 դրամ արժողությամբ տրանսպորտային ուղեվարձը։ Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում էին տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։

Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն: