Ալավերդու ավագանու որոշմամբ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները զրկվել են իրենց մանդատներից։ Այդ մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ ընդգծելով, որ այս գործընթացը դիտարկում են որպես իշխանության զավթում, որն արդեն վիճարկվում է դատական ատյաններում։
«Ալավերդու ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը բռնազավթելուց հետո, քպ-ական իշխանությունն այսօր իրականացրեց հերթական ապօրինի և հակաժողովրդական քայլը։
Ավագանու քվեարկությամբ մանդատից զրկվել են «Ապրելու երկիր» խմբակցության անդամները։
Իշխանության զավթման գործընթացը վիճարկել ենք դատական ատյաններում, առաջիկայում հայց է ներկայացվելու Սահմանադրական դատարան՝ հետևաբար նիստերին չմասնակցելը քաղաքական բոյկոտ է, որը չի կարող լինել մանդատներից զրկելու պատճառ»,–ասվում է գրառման մեջ։
Հայտարարությունում նաև նշվել է, որ նման գործողություններին և տեղական իշխանության վարքագծին իրենց պատասխանը լինելու է խիստ։