ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումների նախագիծը նախատեսում է ստեղծել մեխանիզմ, որով Հակակոռուպցիոն դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման փոխկապակցված գործերը կկարողանան միացվել մեկ դատավորի վարույթում։
Գործող օրենսդրությունը միայն նույն դատավորի վարույթում գտնվող փոխկապակցված գործերի միացման հնարավորություն է ընձեռում, մինչդեռ նոր կարգավորումը թույլ կտա միևնույն դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող գործերը տեղափոխել մեկ դատավորի վարույթ՝ հաշվի առնելով բռնագանձման գործերի առանձնահատկությունները, հայտնում է 1lurer.am-ը։
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, ներկայացնելով օրենսդրական փոփոխություններն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, նշել է, որ առաջարկվող փոփոխությունը կնպաստի գործերի քննության ողջամիտ ժամկետներին և կբարձրացնի դատական գործընթացի արդյունավետությունը։
Նախագծով սահմանվում է, որ փոխկապակցված գործերը կարող են միացվել, եթե բոլոր դատավորները համաձայնություն հայտնեն, իսկ գործի փոխանցումը կկատարվի առավել վաղ վարույթ ընդունված գործի դատավորին։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդգծել է, որ այս նախաձեռնությունը ձեռնտու կլինի ոչ միայն դատական համակարգի, այլև պատասխանող կողմերի համար, քանի որ միևնույն հանգամանքների շուրջ տարբեր վարույթներում կրկնակի քննարկումները լրացուցիչ ֆինանսական և ժամանակային ռեսուրսներ են պահանջում։
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փոփոխությանը։ Նիստը կայացել է մարտի 18-ին։