26 մայիսի 2009 - 20:02 AMT
ԶՀԳ Խորհուրդը քննարկել է հայկական արտադրության սպառման նոր շուկաների ուսումնասիրման ծրագրերի իրականացումը
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Ներկայացնելով գործակալության 2009թ. եռամսյակային հաշվետվությունը` գլխավոր գործադիր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը զեկուցել է նաեւ նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի մասին, նշել, որ 2009թ. ծրագրում ընդգրկված միջոցառումներում հստակ նշված են դրանց նպատակները, ակնկալվող արդյունքները եւ իրականացման պատասխանատուները:

Խորհուրդը քննարկել է ապրանքների արտահանման խթանման եւ նոր շուկաների ուսումնասիրման միջոցառումների ծրագիրը, որով նախատեսվում է աջակցել արտահանման ներուժ ունեցող ձեռնարկություններին նոր ծրագրերի ձեւավորման հնարավորությունների գնահատման նպատակով, ինչպես նաեւ ձեռնարկել արտաքին շուկաների պահանջների հետազոտություն` արտաքին շուկայում տեղական ապրանքատեսականին առավել մրցունակ դարձնելու համար:

Նիստում քննարկվել են «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի 2009թ. աշխատանքային ծրագրի, գործակալության գործունեության գնահատման չափանիշների, ինչպես նաեւ ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարելավման եւ զարգացման աջակցության հարցեր: Ներկայացվել են նաեւ «ԱրմԹեք» բարձր տեխնոլոգիաների ամենամյա համաժողովի կազմակերպման ընթացակարգի, «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքների ընթացքի, ինչպես նաեւ ԶՀԳ գործունեությանը վերաբերող ընթացիկ խնդիրներ:

Խորհուրդը հաստատել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի 2008թ. տարեկան հաշվետվությունը: