26 մայիսի 2009 - 20:29 AMT
Երեւանում բացվել է Նիկոլ Աղաբաբյանի` երկու տարում առաջին անհատական ցուցահանդեսը
Հովհաննես Թումանյանի 140-ամյա հոբելյանի պատվին մեծ գրողի հայրենակից, նկարիչ Նիկոլ Աղաբաբյանը կազմակերպել է վերջին 10 տարում ստեղծված նկարների ցուցահանդես: Վերջին երկու տարում նկարչի առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել այսօր` մայիսի 26-ին, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում: Բացի գրողի հոբելյանից, ցուցահանդեսը նվիրված էր հենց նկարչի 45-ամյակին:
«Նիկոլ Աղաբաբյանի աշխատանքները ստիպում են դիտողին կանգ առնել ու դրանց հետ երկխոսություն սկսել, իսկ դա ամենագլխավոր առանձնահատկությունն է, որով պետք է օժտված լինի նկարիչը: Իսկ եթե ներկայացված բոլոր նկարներն ունեն այդպիսի հատկություն, ապա կարելի է հետեւություններ անել, որ ցուցահանդսը կայացել է»,- ցուցահանդեսի բացման ժամանակ Նիկոլ Աղաբաբյանի աշխատանքների մասին իր կարծիքներով PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ կիսվել է գրող եւ արվեստաբան Լեւոն Գալստյանը,- «Նախկինում նրա աշխատանքներում կարելի էր տեսնել սյուրռեալիզմի նկատմամբ նկարչի հետաքրքրությունը, ինչը նրան այդքան էլ չէր հաջողվում: Սակայն ինձ ուրախացնում է, որ նա դիմել է ավանդական հայկական սարյանական ոճին` ավելացնելով դրա մեջ իր հայացքը»:
Նիկոլ Աղաբաբյանը ծնվել է 1964-ին Լոռիում: 1986-ին ավարտել է Երեւանի մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետը: 1992-ից Հայաստանի Նկարիչների միության եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ է: 1986-ից նկարչի անհատական ցուցահանդեսներ են կազմակերպվել Հայաստանի տարբեր պատկերասրահներում, ինչպես նաեւ Սիրիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ ԱՄՆ-ում: