20 մարտի 2025 - 16:06 AMT
Ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային սահմանափակումը կվերացվի

Ոստիկանության բարեփոխումների շրջանակում Ներքին գործերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծ, որի ընդունման դեպքում կվերանա ներկայումս գործող 35-ամյա վերին տարիքային սահմանափակումը։

Այս փոփոխության արդյունքում ոստիկանությունում ծառայության կընդունվեն ՀՀ բոլոր այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրացել է, տիրապետում են հայերենին և իրենց անձնական, գործնական, կրթական, ֆիզիկական ու առողջական հատկանիշներով համապատասխանում են ոստիկանության պահանջներին։ Արական սեռի դիմորդների համար կպահպանվի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պահանջը, հայտնում է Aysor.am-ը։

Բացի այդ, կընդլայնվեն քաղաքացիական անձանց աշխատանքի ընդունվելու հնարավորությունները։ Մասնավորապես, առնվազն բակալավրի որակավորում ունեցող, ՆԳՆ կրթահամալիրում համապատասխան դասընթացն ավարտած անձինք հնարավորություն կունենան նշանակվել համայնքային ոստիկանի պաշտոնում՝ ոստիկանության ծառայողներին զուգահեռ։

Դասընթացն ավարտած քաղաքացիներին կշնորհվի ոստիկանության լեյտենանտի կոչում, իսկ վերապատրաստման գործընթացն հաջողությամբ հաղթահարելու դեպքում նրանք կհամարվեն ատեստավորում անցած և կստանան հավելավճար՝ աշխատավարձի հետ միասին։ Արդյունքում, օրինակ, «Լեյտենանտ» կոչում ստացած և գերազանց ատեստավորված համայնքային ոստիկանի ընդհանուր աշխատավարձը կկազմի մոտ 500,000 ՀՀ դրամ։

Այս նախագծի մշակման հիմքում ընկած են միջազգային առաջավոր փորձը, ինչպես նաև հանրային լայն կոնսենսուսը, ներառյալ քաղաքացիների առաջարկներն ու կարծիքները։