ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ թե Ադրբեջանի հետ է բանակցում հայկական շահերը պաշտպանելու համար, «այլ Հայաստանի ներսում՝ ադրբեջանական շահերն իրացնելու համար»։ Նա այդ մասին գրել է Ֆեյսբուքյան իր էջում։
«Փաշինյանը փոխանակ Ադրբեջանի հետ բանակցի հայկական շահերի շուրջ՝ Հայաստանի հետ բանակցում է ադրբեջանական շահերը իրացնելու համար:
Ու ՀՀ քաղաքացիների հետ «բանակցելիս» օգտագործում է բոլոր միջոցները՝ խաբեություն, սպառնալիք, մանիպուլյացիա...»,- գրել է նա։
Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:
Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։