24 մարտի 2025 - 18:01 AMT
Հովհաննիսյան․ Խաղաղությանն աջակցող առաջարկները մշտապես քննարկվում են, այդ թվում՝ ՌԴ–ինը

ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչպես են արձագանքում Ռուսաստանի առաջարկին՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ու շփումների համար հարթակ տրամադրելու վերաբերյալ, ասել է, որ ՌԴ ներգրավվածության հարցը միշտ էլ առկա է եղել, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ Խաղաղությանն աջակցող առաջարկները մշտապես քննարկվում են, այդ թվում՝ ՌԴ–ինը։

«ՌԴ-ն ներգրավված էր նաև նախկինում, վերջերս ունեցել ենք խորհրդակցություններ ՌԴ-ի հետ։ Մենք բոլոր գործընկերներին, որոնք կարող են նպաստել այս գործընթացին, իհարկե, արձագաքնում ենք ու, իհարկե, քննարկում ենք»,-ասել է Հովհաննիսյանը։

Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը և պատրաստ է հարթակ տրամադրել խաղաղության պայմանագրի ստորագրման համար։