STARLINK-ի ինտերնետ ծառայությունները արդեն հասանելի են Հայաստանի տարածքում՝ ներառյալ ամենահեռավոր բնակավայրերն ու բարդ տեղանք ունեցող տարածքները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նա նշել է, որ այս կարևոր քայլը հնարավոր է դարձել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, STARLINK ընկերության և պետական գործընկերների համատեղ ու նվիրված աշխատանքի շնորհիվ։
«Ինչո՞ւ է սա կարևոր՝ Թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ՝ անվտանգ, որակյալ կապի ապահովմամբ։ Հասանելիություն համաշխարհային առաջատար ծառայություններին։ Կապի նոր հնարավորություններ բոլորի համար՝ անկախ գտնվելու վայրից»,- նշել է նախարը և ներկայացրել Հայաստանում STARLINK-ի ծառայությունների սակագները։
«Հաջորդ սերնդի ինտերնետն արդեն Հայաստանում է»,–գրել է նախարարը։
Հարցին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Starlink արբանյակային ինտերնետը այլևս հասանելի է Հայաստանում։ Starlink–ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, բնության գրկում, սարերում, դաշտերում, անտառներում՝ մնալով անմիջական կապի մեջ աշխարհի և բնության հետ»,–գրել է նա։