Մարտի 27-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը քննարկում է անցկացրել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ՝ անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության ուղղություններին, ներառյալ ծրագրերի ընթացիկ իրականացումը և դրանց հետագա հեռանկարները։
Արտգործնախարարի տեղակալը նաև ներկայացրել է Հարավային Կովկասում առկա իրավիճակը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության առաջմղմանն ու հարևան պետությունների հետ հարաբերությունների կարգավորմանը։
Քննարկվել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի թեման, որի վերաբերյալ Աբիսողոմոնյանը կարևորել է փաստաթղթի հնարավորինս շուտ ստորագրումը՝ ընդգծելով, որ դա կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն ու կայունություն ապահովելու համար։
Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:
Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։