ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Սյունիքի մարզի Խնածախ, Վաղատուր, Խոզնավար գյուղեր կատարած այցին, նշել է, որ սահմանամերձ համայնքներում մարդիկ կատարյալ անորոշության մեջ են։
Նա նշել է նաև, որ ադրբեջանական սադրանքներն անպատասխան թողնելը հղի է վտանգավոր հետևանքներով:
«Զրուցել եմ մեծ թվով մեր հայրենակիցների հետ, ովքեր պարբերաբար ականատես են լինում ադրբեջանական կրակահերթերին:
Շարունակում եմ պնդել, որ առաջին, ադրբեջանական սադրանքներն անպատասխան թողնելը հղի է վտանգավոր հետևանքներով:
Երկրորդ, ադրբեջանական գործողություններն ունեն համակարգային բնույթ, և դրանք կարող են առավել ծանր դրսևորումներ ստանալ:
Երրորդ, ադրբեջանական ահաբեկչական գործողությունները, թեև, խուճապ չեն առաջացրել սահմանամերձ գյուղերում, սակայն բավականին մտահոգություններ կան:
Չորրորդ, իշխանությունների իներտ կեցվածքն ու հանցավոր լռությունն առավել անորոշ ու խնդրահարույց իրավիճակ են ստեղծում:
Հինգերորդ, սահմանամերձ համայնքներում մարդիկ կատարյալ անորոշության մեջ են, որովհետև իշխանության ուղերձներն անհասկանալի են և անընդունելի»,–ասվում է գրառման մեջ։
Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։