28 մարտի 2025 - 14:18 AMT
Մարտի 31-ին հայտնի կդառնա կենսաչափական փաստաթղթերը թողարկող ընկերության անունը

«ՀՀ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի» մրցույթի շրջանակում անցկացվել է հայտատուների ֆինանսական առաջարկների բացման նիստը, որը նախագահել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Մարտի 31-ին հայտնի կդառնա կենսաչափական փաստաթղթերը թողարկող ընկերության անունը։

Նիստին հրավիրված էին նաև ոլորտում առաջատար համարվող միջազգային կազմակերպությունների՝ AUGENTIC GmbH and Imprensa Nacional Casa da Moeda, S.A. և IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումների լիազոր ներկայացուցիչները։

Ըստ սահմանված ընթացակարգերի և առաջարկների հարցման պահանջների՝ ֆինանսական առաջարկների բացման ու գրանցման գործընթացը տեղի է ունեցել բաց և թափանցիկ եղանակով։

Երկու ընկերությունների կողմից ներկայացված ֆինանսական առաջարկները համապատասխանել են ներկայացված չափանիշներին և պահանջներին։ Դրանց վերջնական գնահատումն իրականացվելու է մինչև մարտի ավարտը։

Մարտի 31-ին կբացահայտվի այն ընկերության անունը, որը կստանձնի կենսաչափական փաստաթղթերի թողարկման նոր ենթակառուցվածքի ներդրումը՝ ներառյալ շենքային պայմանների ձևավորումը, գրասենյակների հիմնումը, սերվերային տնտեսության կառուցումը, տպագրական սարքավորումների տեղադրումն ու տեխնիկական համալրումը։

Համաձայն նախատեսված ժամանակացույցի՝ 2026 թվականի երկրորդ կեսին Հայաստանում պաշտոնապես կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը։