27 մայիսի 2009 - 15:55 AMT
Ռուսական 500 մլն դոլարը վստահ քայլերով մոտենում է Հայաստանին
Ռուսաստանն արդեն այս շաբաթվա ընթացքում 500 մլն դոլարի վարկ կփոխանցի Հայաստանին, նախօրեին հաղորդել է ՌԴ ֆինանսների նախարար, փոխվարչապետ Ալեքսեյ Կուդրինը:
«Անցած շաբաթ 500 մլն դոլարի վարկային համաձայնագիր ստորագրվեց Հայաստանի հետ` 15 տարի ժամկետով, այս շաբաթ այդ դրամական միջոցներն արդեն կփոխանցվեն»,-ասել է Կուդրինը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպմանը:
Կուդրինը հիշեցրել է, որ նախկինում նմանատիպ համաձայանգիր էր կնքվել Ղրղզստանի հետ (300 մլն դոլարի արտոնյալ վարկ եւ 150 մլն դոլարի դրամաշնորհ): «Այդ միջոցներն արդեն փոխանցվել են»,-ասել է Կուդրինը:
«Ինչ վերաբերում է մեր երկկողմ հարաբերություններին` Ղրղզստանի ու Հայաստանի հետ, ապա մենք, անշուշտ, օգնել ենք եւ կօգնենք մեր մերձավոր գործընկերներին մինչ այդ ընդունված որոշումների շրջանակներում»,-իր հերթին ասել է Մեդվեդեւը, հաղորդում է ՌԻԱ Նովստի գործակալությունը:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւ նրա ռուս գործընկեր Ալեքսեյ Կուդրինը մայիսի 20-ին համաձայնագիր են կնքել Հայաստանին 15 տարի ժամկետով 500 մլն դոլար վարկ տրամադրելու վերաբերյալ` LIBOR դրույքով գումարած 3 տոկոս ճգնաժամի պայմաններում երկրի տնտեսությանը սատարելու համար: