31 մարտի 2025 - 13:26 AMT
Աբրահամյան․ Իրադրության լրջությունը ստիպել է իշխանությանը տեղեկացնել, որ Բաքուն նաև բնակավայրերի ուղղությամբ է կրակում

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանը 10 օրից ավելի է ինչ համակարգային առումով խախտում է հրադադարի ռեժիմը` վախ, սարսափ և խնդիրներ ստեղծում սահմանամերձ բնակիչների համար, սակայն իշխանությունը կա´մ լուռ էր կա´մ անհեթեթ մեկնաբանություն էր տալիս:

«Իրադրության լրջությունը նոր միայն ստիպել է իշխանությանը` հանրությանը տեղեկացնելու, որ ադրբեջանցիները ոչ միայն կրակում են մարտական դիրքերի, այլ նաև բնակավայրերի ուղղությամբ ու հետևանքն այսօր Խնածախում տեղի ունեցածն է` անհերքելի ապացույցներով»,–գրել է նա։

Ավելի վաղ արված գրառմամբ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանը գիշերային ժամերին նորից անկանոն կրակահերթերով խախտում է հրադադարի պայմանավորվածությունը։

«Երեկվանից իր խախտումները հայկական կողմի վրա բարդելուց բացի, Ադրբեջանը նաև ՊՆ-ին մեղադրում է ԱԹՍ-ների ակտիվության հարցում:

Կոնկրետ առաջնագծի տեսանելի հատվածում ադրբեջանական շարժեր, ակտիվություն առանձնապես չկա, իսկ թե ինչ է կատարվում խորքում, դժվար է ասել:

Ամեն դեպքում Ադրբեջանի համակարգված գործողություններն առաջնագծում ոչ մեծ ինտենսիվությամբ շարունակվում են»,–գրել է նա։

Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։