«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ արձակված կրակոցներին և վերջին շրջանում հրադադարի շարունակական խախտումներին, նշել է, որ ԵՄ-ն լուռ է, դիտորդները՝ նույնպես։
Նա հավելել է, որ նաև ակնարկ չկա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին։
«Կեսգիշերին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն: Տուժածներ չկան:
ԵՄ դիտորդական առաքելությունն արդեն ավելի քան մեկ շաբաթ է զեկույցներ է ուղարկում Բրյուսել՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի ուղղությամբ արձակված կրակոցների մասին։ Այդ տեղեկատվությունը ներկայացվել է նաև ԱՄՆ դեսպանին՝ նրա Գորիս կատարած այցի ժամանակ։
ԵՄ-ն լռում է, դիտորդները նույնպես՝ պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն գալիս։ Գոնե ակնարկ լիներ Ալիևի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Արձագանք չկա»,–գրել է նա։
Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։