Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ընդունել է ԵՄ արտաքին, պաշտպանության և անվտանգության քաղաքականության վերաբերյալ զեկույցները, որոնցում անդրադարձ կա նաև Հայաստանին։
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում պատժել բոլոր նրանց, ովքեր սպառնում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը, հայտնում է Արմենպրեսը։
Ընդունված փաստաթղթերում վերահաստատվել է ԵՄ դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ և արժևորվել են խաղաղության պայմանագրի վերջնականացման ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը։ Զեկույցները նաև հստակորեն կոչ են արել Ադրբեջանին պահպանել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը և ազատ արձակել 23 հայ պատանդներին։
ԵՄ արտաքին քաղաքականության տարեկան զեկույցի հեղինակ եվրոպացի օրենսդիր Դեյվիդ Մքալիսթերը քվեարկությունից հետո X միկրոբլոգում գրել է, որ զեկույցի ընդունումը վկայում է ԵՄ վճռականության մասին՝ աշխարհաքաղաքական մարտահրավերներին համարժեք արձագանքելու և ամուր արտաքին քաղաքականություն վարելու ուղղությամբ։ «ԵՄ-ն պետք է ի վիճակի լինի պաշտպանել իր ռազմավարական նպատակները»,- նշել է նա։
Երկու զեկույցներում էլ կարևորվել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով դրական դինամիկան։ Դրանք ողջունել են ինչպես Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում Հայաստանին տրամադրված աջակցությունը, այնպես էլ ԵՄ դիտորդական առաքելության նշանակությունը՝ Հայաստանում կայունության ապահովման հարցում։ Եվրոպացի պատգամավորները դրական են գնահատել նաև ՀՀ որոշումը՝ սառեցնել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում։
ԵՄ անվտանգության քաղաքականության մասին փաստաթղթերում շեշտվել է նաև Արցախի հայության՝ իրենց տները վերադարձի իրավունքը։ Զեկույցները դրականորեն են անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին՝ միաժամանակ հիշեցնելով, որ սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի Ալմաթիի հռչակագրի հիման վրա։
Քվեարկված զեկույցներով եվրոպացի օրենսդիրները ԵՄ-ին հորդորել են դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության վերաբերյալ գործող հուշագիրը, իսկ անդամ պետություններին կոչ են արել կասեցնել Ադրբեջանին տրամադրվող տեխնիկական, ֆինանսական և անվտանգության աջակցությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և սպասում է վերջնական ստորագրման։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահին առաջարկում է նախաձեռնել խորհրդակցություններ համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։
Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: