Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընտրվել է ՈւԵՖԱ-ի գործկոմի անդամ։
7 թափուր տեղերի համար առաջադրված է եղել 11 թեկնածու, որոնց թվում՝ նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Քվեարկության արդյունքներով Մելիքբեկյանն ընտրվել է ՈւԵՖԱ-ի գործկոմի անդամ՝ չորս տարվա լիազորությամբ, հայտնում է Արմենպրեսը։
Արմեն Մելիքբեկյանը ծնվել է 1980 թվականի մայիսի 10-ին։ 2006-2015 թթ․ հանդիսացել է ՈՒԵՖԱ-ի Պատանեկան և սիրողական ու Մեդիա կոմիտեների անդամ։ 2018 թ. սեպտեմբերի 22-ին ընտրվել է ՀՖՖ գործկոմի անդամ և նշանակվել գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար: 2019 թ. հունիսի 26-ին նշանակվել է ՀՖՖ գլխավոր քարտուղար։ 2019 թ. դեկտեմբերի 23-ին ընտրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում։ 2023 թ. դեկտեմբերի 23-ին Մելիքբեկյանը վերընտրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ի պատասխան «Հայկական առաջին ճակատ» նախաձեռնության ղեկավար Սերգեյ Ջանջոյանի ֆեյսբուքյան գրառման, հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ՈւԵՖԱ-ի գործկոմում իր առաջադրումն ինքնանպատակ չէ։ Նա նաև խայտառակություն էր որակել իրեն խանգարելու մտադրության վերաբերյալ Ջանջոյանի հայտարարությունը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող Արաս Օզբիլիսը Ֆեյսբուքի իր էջում հրապարակած գրառմամբ խստորեն քննադատել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ նշելով, որ եթե նա իսկապես մտահոգված է հայկական ֆուտբոլով, պետք է հրաժարական տա: