4 ապրիլի 2025 - 12:17 AMT
ԱՄՆ կառավարական բանկը $339 մլն–ով կվարկավորի զենք փոխադրող ադրբեջանական ավիաընկերությանը

Ամերիկյան պետական EXIM բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է 339 միլիոն դոլարի վարկ՝ ուղղված ադրբեջանական Silk Way ավիաընկերության համար Boeing ինքնաթիռների ձեռքբերմանը։ Ըստ պայմանավորվածության՝ օդանավերը պետք է մատակարարվեն մինչև 2026 թվականի ամառ։

Չնայած այն փաստին, որ հեղինակավոր լրատվամիջոցները բազմիցս նշել են Silk Way-ի ներգրավվածությունը զինամթերքի փոխադրման գործում, այդ հանգամանքը չի խոչընդոտել ամերիկյան բանկին վարկի հաստատման հարցում, հայտնում է «Ազատությունը»։

Silk Way-ը համարվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ փոխկապակցված ավիաընկերություն։

EXIM բանկի կողմից այս գործարքի վերաբերյալ առաջին հրապարակումները հայտնվել են 2024 թվականի հունվարի սկզբին։ Այդ ընթացքում բանկը սկսել է հանրային կարծիքի հավաքագրում՝ վարկային աջակցության գործընթացի վերաբերյալ։ Ինքնաթիռների քանակը պաշտոնապես չի հրապարակվել։

Վարկային գործարքի երաշխավորող կառույցներից մեկը հանդես է եկել իսպանական Santander բանկը, մեկ այլ դեպքում՝ ամերիկյան մասնավոր արտահանման ֆինանսավորման կորպորացիան՝ PEFCO-ն։ Բանկը հրաժարվել է մեկնաբանել գործարքի մանրամասները։

EXIM-ի անունից գործարքը համակարգել են բանկի խորհրդատու Դեյվիդ Գոլդենը, տրանսպորտային բաժնի փոխնախագահ Դավիդ Ֆիորին, ինչպես նաև նույն բաժնի վարկային մասնագետ Չերիլ Քոնլին։ Քոնլին 2021 թվականի ապրիլին մասնակցել է Բաքվում ԱՄՆ դեսպանատան հովանու ներքո անցկացված վիրտուալ ֆորումին, որի ընթացքում ամերիկացի պաշտոնյաներն ու գործարարները ներկայացրել են լոգիստիկ ոլորտի նոր տեխնոլոգիաներն ու ֆինանսավորման տարբերակները։

Այդ միջոցառմանը մասնակցել են նաև ներկայացուցիչներ Թուրքիայից ու Վրաստանից՝ քննարկելով տարածաշրջանային արևելք-արևմուտք տարանցիկ ճանապարհների առևտրային հեռանկարները։ Բացի այդ, Քոնլին 2017 թվականին մասնակցել է Ադրբեջանում ԱՄՆ առևտրային պալատի կողմից կազմակերպված մեկ այլ միջոցառման, որտեղ ներկայացրել է EXIM-ի կողմից ֆինանսավորված մի շարք ծրագրեր։

2023 թվականի նոյեմբերին EXIM բանկի պատվիրակությունը մեկնել է Բաքու՝ մասնակցելու COP 29-ին, որը ևս ընդգծել է ԱՄՆ-ի ներգրավվածությունը տարածաշրջանային տնտեսական գործընթացներում՝ չնայած տվյալ ավիաընկերության վերաբերյալ առկա կասկածելի տեղեկատվությանը։

Ադրբեջանական Silk Way ավիաընկերությունը համաշխարհային ուշադրության կենտրոնում է հայտնվել՝ զենքի մատակարարումներով ու մութ ֆինանսական համաձայնագրերով:

«Ազատության» ադրբեջանական բաժինը դեռ 2010 թվականին բացահայտել է, որ ավիաընկերության հիմնական բաժնետերերից մեկը Ալիևի ընտանիքն է։ Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագիծը՝ OCCRP-ն, 2018-ին անդրադարձել է հսկայական չափերի ֆինանսավորմանը, որն ապահովել է ամերիկյան EXIM բանկը Silk Way-ի համար։ Ըստ հրապարակման՝ 2014 թվականին EXIM-ը հատկացրել է շուրջ 420 միլիոն դոլար՝ երեք Boeing 747-8 Freighter ինքնաթիռ ձեռք բերելու նպատակով։ Այս գործարքի երաշխավորը եղել է Ադրբեջանի միջազգային բանկը։ 2017-ին բանկը կրկին ֆինանսավորել է ընկերությանը՝ այս անգամ 1 միլիարդ դոլարի շրջանակում՝ 10 Boeing ինքնաթիռ գնելու նպատակով։

Washington Post-ը 2022 թվականին մանրամասն հետաքննություն է իրականացրել՝ պարզելով, որ Աֆղանստանում պատերազմի ամենասուր փուլում Ադրբեջանը թույլ է տվել ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին օգտագործել իր օդային տարածքը՝ դրա դիմաց ստանալով խորացված դիվանագիտական փոխհարաբերություններ և 369 միլիոն դոլարի պայմանագրեր Silk Way-ի հետ։

Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի գեներալներ Դունքան ՄըքՆաբն ու Ուիլյամ Ֆրեյզերը, ովքեր 2008-2014 թվականներին պատասխանատու են եղել մատակարարման ուղիների կառավարման համար, պաշտոնաթողությունից հետո օգտվել են իրենց կապերից՝ թանկարժեք խորհրդատվական պայմանագրեր կնքելով Silk Way Airlines-ի հետ։ Նրանց այս քայլերը հարցեր են հարուցել՝ կապված գեներալների հնարավոր շահերի բախման հետ։ Ըստ Washington Post-ի՝ Պենտագոնը և Պետդեպարտամենտը սովորաբար չեն արգելափակում պաշտոնաթող զինվորականների աշխատակցությունը արտասահմանյան կառույցների հետ։

«Բայց Ադրբեջանի դեպքում ամերիկյան ռազմական գերատեսչությունն առարկություններ ուներ, և դրանցից մեկն ազգային անվտանգության վերաբերյալ էր», - վկայակոչելով փաստաթղթերը՝ նշել էր հեղինակավոր լրատվամիջոցը։

Silk Way-ը 2020 և 2023 թվականներին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների ընթացքում։ «Հետքը» տեղեկացրել է, որ 2023-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին՝ սեպտեմբերյան էթնիկ զտումներից առաջ, ավիաընկերությունն իրականացրել է 4 չվերթ իսրայելական «Օվդա» ավիաբազայից Բաքու՝ տեղափոխելով պայթուցիկ նյութեր։ Նմանատիպ բեռների տեղափոխումներ եղել են նաև 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ՝ Իսրայելից, Թուրքիայից և Աֆղանստանից։

2021 թվականին OCCRP-ն հրապարակել է նոր հետաքննություն, ըստ որի՝ Silk Way-ը ներգրավված է եղել 100 տոննա զենքի տեղափոխման գործում Կենտրոնական Աֆրիկա՝ Կոնգո-Բրազավիլի Հանրապետություն։ Ընդդիմադիր ուժերը պնդել են, որ այդ զենքը օգտագործվել է բողոքի ցույցերը ճնշելու նպատակով։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Silk Way-ը շարունակել է իր թռիչքները Իսրայելից դեպի Ադրբեջան։ «Հետք»-ի տվյալներով՝ 2025 թվականի առաջին եռամսյակում «Օվդա» ավիաբազայից դեպի Բաքու իրականացվել է 6 չվերթ։ Իսրայելական Haaretz պարբերականը նախկինում նշել է, որ «Օվդա»-ն ծառայում է պայթուցիկ զենքի տեղափոխման նպատակով։