7 ապրիլի 2025 - 14:20 AMT
Աբրահամյան. Իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում ոչնչացնել սեփական հանցագործության հետքերը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարարության վերջին հայտարարությանը, հանդես է եկել կոշտ քննադատությամբ՝ նշելով, որ գործող իշխանությունը 2023-ին «հանցավոր անգործությամբ» հետևել է արցախահայության դեմ իրականացվող ռազմական ագրեսիային ու ցեղասպանությանը։

նա հավելել է, որ «իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում ոչնչացնել սեփական հանցագործության հետքերը նույնիսկ պատմությունը խեղաթյուրելու և բացահայտ կեղծիքների գնալու պայմաններում»։

«Այն իշխանությունը, որը 2023-ին հանցավոր անգործությամբ հետևում էր արցախցիների նկատմամբ ռազմական ագրեսիային ու Ցեղասպանության իրականացմանը, իր պահվածքով ու հայտարարությամբ կանաչ լույս վառում ադրբեջանցիների օկուպացիոն քաղաքականության համար, իսկ մինչև այդ հայտարարում, որ Արցախը Ադրբեջանի մաս է համարում, այսօր փորձում է իրադարձություններն այլ` իրականությունն ակնհայտ խեղաթյուրման ներքո ներկայացնել։

ԱԳՆ հայտարարությունն այն մասին, թե «ԼՂ հայության բռնի տեղահանության և ԼՂ լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործության քողարկում:

2019-ին Արցախի կենտրոնական հրապարակից «Արցախը Հայաստան է և վե´րջ» գոռացող Փաշինյանն արդեն խոստովանել է, որ նա այդ ժամանակ ճիշտ հակառակն էր մտածում, սակայն մարդկանց իր իրական մտադրությունների և դիրքորոշման մասին չի համարձակվել ասել:

Ի վերջո, ՔՊ-ն ներկայացնող այն անձինք, երբ խոսում էին Արցախի ադրբեջանական լինելու մասին, ո´չ 2023-ի սեպտեմբերի հարձակումն էր եղել, ո´չ էլ Ադրբեջանի պարտադրված հրամանագիրը, որի բովանդակությունը չէր էլ կարող հրամանագրով կարգավորվել, առավել ևս, որ այն ուժի մեջ մտնելու ընթացակարգերով չէր անցել, իսկ որոշ ժամանակ հետո չեղարկվել էր»,–ասվում է գրառման մեջ։

ՀՀ ԱԳՆ հայտարարել է. «Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»։