12 ապրիլի 2025 - 10:13 AMT
Վիզաների ազատականացման հարցով ԵՄ 2–րդ փորձագիտական խումբը ՀՀ–ում քննարկել է մարդու հիմնարար իրավունքների հարցեր

ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության պատվիրակությանը։ ԵՄ-ի առաքելության կազմում ընդգրկված էին ԵՄ անդամ պետություններից ժամանած ոլորտային փորձագետներ, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի, Արտաքին գործերի եվրոպական ծառայության և Հայաստանում ԵՄ պատվիրակության անդամներ։

Քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը և այդ բնագավառում միջազգային համագործակցության կարևորությանը։

ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հայտնել են, որ իրենց այցի ընթացքում հանդիպումներ են ունեցել ՀՀ համապատասխան պետական մարմինների հետ՝ անդրադառնալով հանցավորության, ապօրինի գույքի բռնագանձման, կոռուպցիայի, ֆինանսական հանցագործությունների կանխարգելման և պայքարի հարցերին։

Այցի հիմնական նպատակը հանդիսացել է Հայաստանի՝ վիզային ազատականացման վերաբերյալ երկխոսության շրջանակում գործողությունների ծրագրի համապատասխան չափանիշների ձևակերպման պատրաստակամության համապարփակ գնահատումը։

Հանդիպման ընթացքում հայկական կողմից ներկա են եղել Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի, միջազգային պայմանագրերի և իրավունքի, հյուպատոսական վարչությունների, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները։

Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է8 տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող «նստել երկու աթոռի վրա» և ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։