12 ապրիլի 2025 - 12:15 AMT
Դատախազը պահանջել է ճանաչել Խաչատուրյան քույրերի հոր մեղքը և կարճել գործը

Մոսկվայի Բուտիրսկի դատարանում դատախազը հանդես է եկել հայտարարությամբ, պահանջելով 2018–ին սպանված Միխայիլ Խաչատուրյանին ճանաչել մեղավոր դուստրերի հանդեպ բռնության մեջ։ Այդ մասին հայտնել է քույրերից մեկի շահերի պաշտպան Ալեքսեյ Պարշինը։

«Դատախազը խնդրել է մեղավոր ճանաչել Միխայիլ Խաչատուրյանին մեղադրանքի բոլոր կետերով և կարճել գործը վերջինիս մահվան կապակցությամբ»,–ասել է նա։

Փաստաբանի խոսքով՝ Խաչատուրյանին մեղադրում են անչափահասների նկատմամբ սեռական բռնության երկու դրվագների, մի քանի անձանց դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու, ինչպես նաև պոռնոգրաֆիկ նյութերի ստեղծման և տարածման համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պարշինը հիշեցրել է, որ քույրերի գործը դեռ փակված չէ, սակայն հույս է հայտնել, որ այն կավարտվի հոր մեղավորության պաշտոնական ճանաչումից հետո։

Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 27-ին Մոսկվայում․ երեք քույրերը դանակով հարձակվել են իրենց հոր վրա՝ իրենց բնակարանում, Ալտուֆևի խճուղու վրա։ Այն ժամանակ աղջիկները եղել են 17, 18 և 19 տարեկան, հիմնական հարվածները հասցրել է փոքր քույրը։

Փաստաբանները պնդել են, որ աղջիկները գործել են անհրաժեշտ ինքնապաշտպանության շրջանակներում, սակայն նախաքննությունը մեղադրանք է առաջադրել՝ նախնական համաձայնությամբ խմբով սպանության հոդվածով։ Սկզբում բոլոր երեքին կալանավորել են, ապա խափանման միջոցը փոխվել է՝ սահմանափակելով որոշ գործողություններ, իսկ հետագայում ազատել են էլեկտրոնային թևնոցներից։

Քննչական մարմինները հաստատել են, որ Միխայիլ Խաչատուրյանը «ֆիզիկական և հոգեբանական տառապանքներ» է պատճառել իր դուստրերին, սակայն չեն փոխել կատարվածի որակավորումը՝ նշված փաստերը դիտելով որպես մեղմացուցիչ հանգամանք։ 2023 թվականի փետրվարին Մոսկվայի քաղաքային դատարանը երկու քրեական գործերը՝ ավագ և կրտսեր քույրերի վերաբերյալ, որոնք քննվում էին առանձին, վերադարձրել է դատախազություն։