30 ապրիլի 2025 - 10:41 AMT
Արցախցիները շտաբ-վրանն Ազատության հրապարակից կտեղափոխեն Արցախի ներկայացուցչություն

Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող արցախցիներն ընդունել են որոշում՝ իրենց շտաբ-վրանը տեղափոխել Երևանում գործող Արցախի ներկայացուցչության տարածք։ Այդ մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։

Նա նշել է, որ ֆինանսական լուրջ խնդիրների պատճառով որոշում են կայացրել ընդունել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի առաջարկը, որը մի քանի օր առաջ ներկայացրել է հնարավորություն՝ վրանն Արցախյան ներկայացուցչության տարածք տեղափոխելու համար, որտեղ դրա համար համապատասխան տեղ կհատկացվի, հայտնում է Արմենպրեսը։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն օրերս հանդիպում են ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ներկայացուցիչներից մեկի հետ։

Իսկանդարյանը հայտնել է, որ կառավարության առաջիկա նիստում նախատեսվում է երկարաձգել «40+10» աջակցության ծրագիրը, որը վերաբերում է արցախցիներին։

«Մենք թղթի վրա ներկայացրել ենք բոլոր կետերը, որոնք, ըստ մեզ, բարելավման կարիք ունեն։ Առաջին հերթին դա վերաբերում է բնակարանային ծրագրին։ Մենք ընդառաջ ենք գնացել կառավարությանը, որն ընդունել է, որ մեզ ուղղված ծրագրերը բարելավվելու կարիք ունեն»,- ասել է Իսկանդարյանը։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին ապրիլի 3–ին կառավարությունում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպմանն ասել էին, որ վերադարձ «40+10» աջակցության ծրագրին չի նախատեսվում։ Քննարկումից հետո խորհրդի ներկայացուցիչները ընդգծել են, որ պայքարը շարունակելու են, քանի որ «40+10-ն այլընտրանք չունի»։