Ապրիլի 29–ին Բաքվում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործերով դատական ֆարսը։
Ռուբեն Վարդանյանն ու նրա պաշտպան Ավրահամ Բերմանը բողոք են հայտնել դատական կազմի դեմ։ Բերմանը իր բողոքը հիմնավորել է այն հանգամանքով, որ նախորդ նիստերին ներկայացված բազմաթիվ միջնորդություններ մերժվել են, և պաշտպանությունը մինչ օրս չի ունեցել հնարավորություն ամբողջությամբ ծանոթանալու նիստերի արձանագրություններին։ Փաստաբանը նշել է, որ գործը քննող դատավորները շահագրգռված են նրա դեմ քրեական հետապնդմամբ, գրում է Azertag-ը։
Գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևը հիշեցրել է, որ այս հարցերին դատարանը արդեն արձագանքել է նախորդ նիստերում։ Նա նշել է, որ միջնորդությունների մերժումը չի կարող հիմք ծառայել դատական կազմի կողմնակալության վերաբերյալ եզրակացության համար։
Դատական կազմը հեռացել է խորհրդակցության, որից հետո կայացրել է որոշում՝ բողոքը թողնել առանց քննարկման, քանի որ պաշտպանությունը չի ներկայացրել դատական կազմի կողմնակալության հաստատող ապացույցներ։
Դատական հաջորդ նիստը նշանակված է մայիսի 6-ին։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։