30 ապրիլի 2025 - 11:02 AMT
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետնախարարի հետ զրույցում կրկին բողոքել է ՀՀ Սահմանադրությունից

Ապրիլի 29-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Մեծ Բրիտանիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և ծովից դուրս տարածքների հարցերով պետական նախարար Սթիվըն Դաութիի միջև։ Կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային համագործակցության արդի հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող թեմաներ։

Ջեյհուն Բայրամովը, անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման թեմային, խոսել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացում գրանցված առաջընթացի, ինչպես նաև դրա «կայացմանն խանգարող հիմնական խոչընդոտների մասին», հայտնում է APA-ն։

Նա կրկնել է ադրբեջանական այն թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունում և այլ օրենսդրական ակտերում Ադրբեջանի հանդեպ տարածքային հավակնություններ կան և որ դրանիցից «հրաժարումը բացառիկ նշանակություն ունի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու տեսանկյունից»։

Զրույցի ավարտին կողմերը մտքեր են փոխանակել նաև այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանի պահանջները ՀՀ–ին հայտնի են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և ՀՀ սահմանադրության փոփոխում, որում, իբր, «տարածքային պահանջներ կան Ադրբեջանի հանդեպ»։