Ապրիլի 30–ի վաղ առավոտյան ուժեղ հրդեհ էր բռնկվել Թբիլիսիի մետրոյի «Կայարանամերձ հրապարակ» կայարանի մոտ գտնվող շուկայի տարածքում։ Ժամը 10։00–ի դրությամբ այն արդեն մարվել է։
Մշակվում են ծխացող օջախները։ Այդ մասին հայտնել է հրշեջ–փրկարար ծառայության գլխավոր վարչության ղեկավար Լևան Մուսելիանին, գրում է Sputnik-georgia-ն։
Հրդեհը սկսվել է հագուստի, մրգերի և բանջարեղենի պահեստների տարածքում։ Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Հրդեհի պատճառները դեռ պարզվում են։ Հրդեհի օջախի մոտակայքում է գտնվում Թբիլիսիի կենտրոնական երկաթուղային կայարանը։
2017 թվականին նույն վայրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել էր «Մանկական աշխարհ» առևտրի կենտրոնի շենքը։ Այն ժամանակ հրդեհի մակերեսը գերազանցել էր 13 հազար քառակուսի մետրը։ Շենքում գործում էին խանութներ և «Ոսկու աշխարհ» ոսկերչական բորսան։