Ապրիլի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։Հայոց Հայրապետը ընդգծել է, որ հայ և վրացի ժողովուրդները՝ առաջնորդվելով իրենց քրիստոնեական հավատքով ու արժեքային համակարգով, կարողացել են դիմակայել ժամանակի փորձություններին՝ պահպանելով իրենց ազգային ինքնատիպությունն ու մշակութային դիմագիծը։
Կաթողիկոսն իր գնահատանքն է արտահայտել Վրաստանի իշխանություններին՝ 15 հայ ռազմագերիների վերադարձի հարցում ցուցաբերած միջնորդական աջակցության և Վրաստանի հայ համայնքի հանդեպ դրսևորած հոգածության համար։
Նա նաև եղբայրական ողջույններ և բարեմաղթանքներ է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Բ-ին։
Ի պատասխան Միխեիլ Կավելաշվիլին գոհունակություն է հայտնել Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքներից։ Նա կարևորել է քրիստոնեական հավատքի առանցքային դերը երկու ժողովուրդների հոգևոր, մշակութային և ազգային ինքնության պահպանման, ինչպես նաև պատմական դժվարությունները հաղթահարելու գործում։
Նախագահը վստահեցրել է Վեհափառին, որ Վրաստանը շարունակելու է իր միջնորդական ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության հաստատման, ինչպես նաև գերիների ազատ արձակման նպատակով։
Կավելաշվիլին, ուղեկցվելով հոգևորականների կողմից, այցելել է Մայր Տաճար, ծանոթացել նրա վերանորոգված տեսքին և պատմությանը։
Հանդիպմանը մասնակցել են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, ինչպես նաև երկու երկրների դեսպանները։
2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։