30 ապրիլի 2025 - 12:13 AMT
Amnesty International․ Ադրբեջանը չպատժվեց ԼՂ հայերի դեմ իր գործողությունների համար

Amnesty Internationalիրավապաշտպան կազմակերպությունը հրապարակված իր տարեկան զեկույցում ընդգծել է, որ Ադրբեջանը մինչ այժմ չի ենթարկվել պատժի Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքների խախտման համար։

Նշվում է, որ արցախահայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը անտեսվել է, գրում է Panorama.am-ը։

«Վիճելի Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ընթացքում կատարված խախտումների համար անպատժելիությունն առաջվա պես շարունակվում է։ Հունվարի 24-ին, կասեցնելով Ադրբեջանի լիազորությունները, ԵԽԽՎ-ն վերահաստատեց իր մտահոգությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակման լուրջ մարդասիրական և մարդու իրավունքների հետևանքները չճանաչելու վերաբերյալ։

ԵԽԽՎ-ն միաժամանակ դատապարտել էր Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին իրականացված ռազմական գործողությունը, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար մարդուց կազմված ամբողջ էթնիկ հայ բնակչությունը տեղահանվեց Հայաստան։ Նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը անտեսվել է»,-ասված է իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։