30 ապրիլի 2025 - 12:16 AMT
Փարիզում բացվել է Harmonies d’Arménie խորագրով լուսանկարների ցուցադրությունը

Փարիզի 10-րդ շրջանի քաղաքապետարանի սրահում՝ հանդիսավոր արարողությամբ բացվել է լուսանկարիչ Լիդիա Կասպարյանի՝ Հայաստանին նվիրված աշխատանքները ներառող Harmonies d’Arménie ցուցահանդեսը։

Ցուցադրության բացմանը մասնակցություն են ցուցաբերել և ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, շրջանի քաղաքապետ Ալեքսանդրա Կորդեբարդը, ինչպես նաև լուսանկարիչ Լիդիա Կասպարյանը։ Միջոցառման ընթացքում ներկա է եղել նաև Փարիզի քաղաքապետարանի՝ հիշատակի և վետերանների հարցերով փոխքաղաքապետ Լորանս Պատրիսը, հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։

Դեսպան Արման Խաչատրյանն իր խոսքում ընդգծել է, թե որքան կարևոր է Փարիզում նման յուրահատուկ մշակութային միջոցառման իրականացումը՝ նվիրված Հայաստանին։ Նա նաև բարձր գնահատական է տվել Լիդիա Կասպարյանի ստեղծած լուսանկարչական ժառանգությանը, որը վերջին տարիների ընթացքում համալրվել է Հայաստանի, նրա բնության և պատմամշակութային արժեքների անդրադարձող ուշագրավ աշխատանքներով։

Ցուցահանդեսում ներկայացված են մի քանի տասնյակ լուսանկարներ, որոնք արտացոլում են Լիդիա Կասպարյանի յուրահատուկ ստեղծագործական ոճը։ Այդ ոճի վրա խոր ազդեցություն է թողել նրա հայրը՝ ճանաչված ֆրանսահայ լուսանկարիչ Ռոժե Կասպարյանը, ով արժանացել է «60-ական թվականների լավագույն հայացք» տիտղոսին։ Լիդիա Կասպարյանն իր հայաստանյան մի շարք այցելությունները իրականացրել է հոր ուղեկցությամբ։

Ցուցահանդեսի ընթացքում տեղի է ունեցել նաև երաժշտական կատարում՝ ֆրանսահայ «Երևան» խմբի կողմից։ Նրանք ներկայացրել են Կոմիտասի ստեղծագործություններից մի քանիսը, ինչպես նաև հայկական ժողովրդական երգեր։ Ցուցադրությունը բաց կմնա մինչև մայիսի 20-ը, իսկ մայիսի 7-ին նախատեսվում է քաղաքապետարանում քննարկում, որի ժամանակ Լիդիա Կասպարյանը պատմելու է իր արվեստի ճանապարհի և ընտանիքի պատմության մասին։