Wildberries-ը սկսել է ապրանքի վերադարձի դեպքում գնորդներից պահել առաքման արժեքը։ Այդ մասին հայտնել են ընկերությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Ընկերությունը հաստատել է, որ ապրիլի կեսերից պատվերի ձևավորման գործընթացում առաքման արժեքը սկսել է առանձին արտացոլվել՝ բացի ապրանքի գներից։ Այս փոփոխությունը առաջացրել է որոշ կասկածներ՝ հատկապես Հայաստանի օգտատերերի շրջանում, ովքեր ենթադրել են, որ հարթակում նոր ծառայություն է ավելացվել՝ վճարովի հիմունքներով։
Wildberries-ում հստակեցրել են, որ առաքման համար փոքր վճար՝ մոտ մեկ դոլար, մշտապես գանձվել է, սակայն եթե վերադարձվում է պատշաճ վիճակում գտնվող ապրանք, ապա այսուհետև այդ վճարը չի փոխհատուցվում։ Բացառություն են կազմում միայն վնասված կամ թերություններ ունեցող ապրանքները, որոնց առաքման արժեքը վերադառնում է գնորդին։
«Առաքման արժեքը չի փոխհատուցվում, երբ վերադարձվում է թերություն չունեցող ապրանք: Դա կապված է լոգիստիկ ծախսերի աճի և գնումներն ավելի գիտակցված դարձնելու մեր ձգտման հետ», - պարզաբանել են ընկերությունում։
Ընկերության խոսքով՝ այն երկրներում, որտեղ հարթակն առկա է, ակտիվորեն զարգացվում են լոգիստիկ հնարավորությունները։ Միջազգային առաքումները ներառել են նաև օդային փոխադրումներ, ինչը զգալիորեն բարձրացրել է առաքման գինը։ Միևնույն ժամանակ, Wildberries-ը շեշտել է, որ վաճառողները ապրանքների գինը չեն բարձրացրել։
Ներկայումս գնորդի զամբյուղում առանձին ներկայացվում են թե՛ ապրանքի արժեքը, թե՛ առաքման գումարը, ինչը հնարավորություն է տալիս նախապես հաշվարկել բոլոր ծախսերը։ Առաքման գումարի չափը կախված է ապրանքի չափերից, երթուղու բարդությունից ու պահեստի գտնվելու վայրից։
Wildberries-ը, որը հիմնադրվել է Ռուսաստանում 2004 թվականին, հանդիսանում է միջազգային առցանց հիպերմարկետ և ներկայումս գործում է Բելառուսում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում և Իսրայելում։ Հայաստանում հարթակը սկսել է գործել 2018 թվականից, իսկ 2021-ից ընդլայնել է պատվերների ստացման կետերի իր ցանցը։